Հանրային գործիչ Գևորգ Առստամյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Սիփան Կեսոյանը։
Վերջինս տեղեկացրեց, որ այս պահին ընթանում է նախաքննություն, և կարող է միայն ասել, որ գործն ավարտական փուլում է, այն ուղարկվելէ դատախազին և պետք է ուղարկվի դատարան, սակայն դեռևս չկա տեղեկություն՝ դատարան ուղարկվե՞լ է, թե՞ ոչ։
«Այս պահին գործը պետք է մեղադրական եզրակացությամբ ուղարկվեր դատախազին, հետագայում դատախազն արդեն պետք է լուծեր դատարան ուղարկելու կամ չուղարկելու հարցը։ Գևորգ Առստամյանին մեղադրում են նախաքննություն իրականացնող անձի վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու համար։ Նրա նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է հունիսի սկզբին»,- ասաց պաշտպանը։
Սիփան Կեսոյանը նաև տեղեկացրեց, որ սկզբում իր պաշտպանյալի վերաբերյալ միջնորդել էին, որպեսզի կիրառվեր երկամսյա տնային կալանք, սակայն դատարանը բավարարել է մեկ ամսով։ Տնային կալանքի վերաբերյալ որոշումը կայացրել է դատավոր Վահե Միսակյանը։
Մենք մեկնաբանություն խնդրեցինք նաև ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից, որտեղից փոխանցեցին, որ Գևորգ Առստամյանին նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենգքրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով։
«Նախաձեռնվել է վարույթ Հակակոռուպցիոն կոմիտեոմ, նախաքննությունն ավարտվել է, և հունիսի 14-ին վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Ամենայն հավանականությամբ մի քանի օրից գործը կգնա դատարան»,- ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշենք, որ խոսքը վերաբերում է ապրիլի 1-ին և 2-ին Գևորգ Առստամյանի ֆեյսբուքյան եթերներին, որտեղ նա բարկացած խոսում է քննիչների և ոստիկանների մասին, որոնց դիմել էր իր հետ տեղի ունեցած միջադեպերի հետ կապված, որոնց, սակայն, ընթացք չէր տրվել՝ ըստ Առստամյանի։
Հավելենք, սակայն, որ ամենօրյա ռեժիմով մենք տեսնում ենք, թե ինչպիսի եռանդով են ամենատարբեր ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ Բագրատ Գալստանյանը, անեծքներ ու վիրավորական արտահայտություններ հնչեցնում ամբողջ իրավապահ համակարգի հասցեին, որոնց, սակայն, նույնիսկ հարցաքննության չեն կանչում։
Նշենք նաև, որ Գևորգ Առստամյանը ԼՂ-ից բռնի տեղահանված է։ Նա մշտապես աչքի է ընկել իր պետականամետ կեցվածքով և քննադատել ԼՂ նախկին իշխանություններին։
Լիլիթ Թադևոսյան